Մարդկային կյանքի խորհուրդը մեզ պատվիրում է Աստծո առաջ պատասխանատու լինել և՛ մեր կատարածի, և՛ չկատարածի համար: Ասածիս հավելեմ` ցանկության դեպքում անգամ անհնար է ողջ կյանքում լինել խիզախ, հերոս, արդար և անաչառ։ Բայց մարդ լինել բոլորս ենք պարտավոր:
Ասել է` անկախ ամեն ինչից, պարտավոր ենք ու պետք է կանխենք ահաբեկչությունը և ոչ թե օգտվենք դրանից կամ խաղեր տանք մեր մոլորակի տարբեր մասերում: Ալտրուիզմը` սերն առ մերձավորը, նվիրումն ու մխիթարանքը պայման են, առանց որոնց մարդկությունն առաջընթաց չի ունենա: Եզդիներս, առանց չափազանցության, ալտրուիստներ ենք, մեծ ալտրուիստներ։
Եզդի ժողովուրդը գենոցիդ տեսավ, մորթվեց, բայց չհուսահատվեց. մենք սովորեցինք ժպտալ արցունքների միջից: Մենք սովորեցինք ամուր կանգնել, պայքարել, ոչնչացնել հրեշին և ոռնացող ամբոխին: Մենք չվաճառեցինք մեր կրոնը, մեր հավատը, մեր բնօրրանը, մեր սիրտն ու հոգին: Հերթական փորձության միջով անցնելով` մենք աշխարհին ի ցույց դրեցինք մեր լավագույն հատկանիշները, մենք հավատացինք մեր հաղթանակին, որովհետև միշտ հավատ ենք ունեցել մարդկության հանդեպ: Մենք սիրել ենք մարդկանց, հավատացել, մենք ստեղծված ենք սիրո և բարության համար: Երջանիկ լինելու և ուրիշին երջանկացնելու համար: Բայց սովորեցինք նաև դաժան լինել դաժանների հետ: Երբեմն մահը սարսափելի չէ, մանավանդ երբ այն գիտակցված է: Սարսափելին այն է, երբ մարդը ողջ է, բայց նրա հոգին ապականված է, մեռած: Հավատացեք, եկել է սթափվելու, աշխարհին բաց աչքերով նայելու և մեր կատարածից դասեր քաղելու ժամանակը: 2016-ին վերացնենք ստրկությունն ու ստրկավաճառությունը, ապահովենք մարդու կյանքի իրավունքը: Թույլ չտանք, որ մեկն ու մեկը, ով էլ լինի, մեր մոլորակին մատուցի չարը, ջնջի մեր արժեքներն ու փորձի իրենը պարտադրել:
Նոր տարում թող աշխարհում տիրեն սերը, բարին, ուրախությունը, խաղաղությունը, և թող մարդիկ միմյանց մեջ հույս, հավատ, նվիրում և մխիթարություն գտնեն։ Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը: Գերության և ստրկության մեջ գտնվող եզդի երեխաներ և կանայք: Ես կուզեի ձեզ հետ լինել, ձեզ գրկել ու շնորհավորել, նվերներ մատուցել...
Շնորհավոր բոլորիս Նոր տարին։
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ